Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ե՞րբ կանցնի ՕՐՕ-ի մշուշը

Ե՞րբ կանցնի ՕՐՕ-ի մշուշը
05.04.2017 | 22:25

Երբ սկսվում է սկանդալով, սկանդալային էլ ընթացք է ունենում՝ ՕՐՕ դաշինքի «Ժառանգության» թևը ասուլիս է տվել՝ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի բացակայությամբ: Նրանք լռում են՝ վերքերն են լիզում, խոսում է Արմեն Մարտիրոսյանը: Ընտրություններից հետո մինչև այսօր ՕՐՕ-ն խոսում էր ընտրակեղծիքների մասին, այսօր Արմեն Մարտիրոսյանը գնահատական է տվել նոր խորհրդարանին: Մեղմ ասած՝ խիստ վիրավորված մարդու սուբյեկտիվ գնահատական: Երբ «Ժառանգությունը» պատրաստվում էր հինգերորդ գումարման խորհրդարանի թեկնածուների առաջադրմանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը անակնկալ որոշեց «Ազատ դեմոկրատների» հետ միավորվել ու կազմեց հենց այն ընտրացուցակը, որով նրանք մասնակցեցին ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանը չէր համարում, որ դա ինչ-որ մեկի նախագիծն է, թեպետ ներկուսակցական քննարկումներում ոչ մինչ այդ Ռուբիկ Հակոբյանի, ոչ էլ այդ պահին «Ազատ դեմոկրատների» հայտնությունը գրկաբաց չընդունվեց: Եղան հեռացողներ, ոչ միայն շարքային անդամներ:

Ո՞վ էր ճիշտը՝ այլևս հարց չէ՝ խմբակցությունը խորհրդարանում այնքան մասնատվեց, որ նույնիսկ մարդ չէր մնացել, որ ղեկավարեր: Այս ընտրությունների նախօրեին «Ժառանգությունը» գիշեր-ցերեկ ժողով էր անում, որ որոշեր՝ մասնակցո՞ւմ է ընտրություններին, թե՞ ոչ: Երբ վերջապես որոշեց մասնակցել, սկսվեցին բուն սկանդալները, որովհետև հիմա էլ պիտի որոշեին մենա՞կ է մասնակցում, թե՞ դաշինքով: Ինչո՞ւ նրանք, որ իրենց համարում են եվրոպական արժեքներ կրող, ընդմիշտ փակեցին դուռը «Ազատ դեմոկրատների» հետ, եթե նախորդ ընտրություններում նրանց հետ հասել էին հաջողության: Ինչո՞ւ չստացվեցին բանակցությունները «Ելքի» հետ, որ դեռ անուն էլ չուներ, ինչո՞ւ գնացին ու ապագա «Ելքից» պահանջեցին ցուցակի առաջին տեղը այն պահին, երբ դաշինքում այդ հարցը չէր էլ քննարկվել: Ակնհայտ էր, որ «Ժառանգությունը» որոնում է մեկին, ով ուներ փող, բայց հրապարակավ ուզում է գաղափարական ներկայանալ: Գագիկ Ծառուկյանը նրանց մերժեց: Մնում էր Սամվել Բաբայանը, որ շրջում էր գրասենյակից գրասենյակ ու փող էր առաջարկում՝ քաղաքական բրենդի դիմաց: Եվ՝ վերջապես, ինչո՞ւ «Ժառանգությունը» մնաց դաշինքում, երբ հեռացան ՀԴԿ-ն ու «Երրորդ հանրապետությունը»: Ո՞Ւմ նախագիծն էր, որ հենց այդ ուժերը ու այդ կազմով պիտի մասնակցեն ընտրություններին: Համենայն դեպս, առաջին անգամ խորհրդարանում «Ժառանգությունը» հայտնվեց, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Բնական է, որ ոչ ԱԴ-ն, ոչ «Ելքը» չէին բավարարի պահանջները մի կուսակցության, որի թիկունքում երկրորդ նախագահն է: ՈՒ պետք չէ հիմա ինչ-որ գաղափարներ ծածանել, խոսել ազնվությունից ու արդարությունից: Միանշանակ է, որ եթե ՕՐՕ-ն հաղթահարեր 7 %-ը, այսօր չէր բնորոշի, թե ում նախագիծն են խորհրդարան մտած կուսակցությունները: Նման հարց չէր ծագի: Հակառակը՝ ինչպես հայտարարել էր՝ շարունակելու էր փորձերը դաշնակից ունենալ Գագիկ Ծառուկյանին, որին հիմա հայտարարում է ընդդիմություն այն պարագայում, երբ Գագիկ Ծառուկյանը դա չի անում:

Սխալ է Արմեն Մարտիրոսյանը, բայց մեղավոր չէ, նա հետևանքն է այն քաղաքական իրականության ու մտածողության, որ քաղաքական դաշտում միշտ եղել են, կան ու լինելու են հրահանգիչներ, սցենարիստներ, գորշ կարդինալներ, որ ստվերում մնալով՝ դասավորում են զինվորիկներին՝ ժողովրդից կուսակցություններ: Իսկ եթե այդպես չէ, եթե ինչ-որ մեկը պոկվում է, ուրեմն դա ևս սցենարի մաս է: Եվ դա հենց այն է, ինչ պետք է այդ հրահանգիչներին, որ եթե ոչինչ էլ չեն անում, եղածը վերագրվի իրենց՝ դա էլ իրենց բրենդն է, որ շարունակվում է ճշմարտության ու ստի, իրականության ու զրպարտության միախառնումով:
Որ «Ժառանգությունը» այլևս անելիք չունի քաղաքական դաշտում, 2013-ից պարզ էր՝ սարերի քամին եկավ ու քանդեց կուսակցությունը, վերջինը հեռացավ Զարուհի Փոստանջյանը: Հիմա այլևս մնացել է քննադատել ուրիշներին, որ կան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՕՐՕ-ն հայտարարում է, որ զենքերը վայր չի դնում, պայքարը շարունակում է:
Հաջողություն, բայց ցանկացած գործում նպատակ է պետք, ոչ թե սեփական սխալները ուրիշների ուսերին բարդել ու սուլելով ման գալ՝ մինչև հերթական հրահանգ: Առավել ևս պետք չէ ստել: Համենայն դեպս՝ տարօրինակ է, որ Հովսեփ Խուրշուդյանը հիշում է, որ ԲՀԿ-ն դեմ է եղել Սահմանադրության փոփոխությանը, բայց չի հիշում, թե ԲՀԿ-ն քանի անգամ է տեսակետ փոխել, և հիշում է, որ Արամ Սարգսյանը կողմ է եղել Սահմանադրության փոփոխությանը, երբ նա միշտ է ասել, որ դեմ է: Ցավալի է, որ իբրև նախարարներ պետության կյանքում որոշումներ ընդունած մարդիկ հայտնվել են մի վիճակում, երբ նախկին նախագահը իրենց պահում է պահեստայինի կարգավիճակում՝ իրեն անհրաժեշտ պահին նրանց միջոցով ապակայունացման քայլերի համար, որոնք կկոչվեն պայքար ժողովուրդների իրավունքների համար: Ցավալի է ու անարժան:

Դիտվել է՝ 1883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ